ԱՄՆ նախագահ Օբամայի նախընտրական կարգախոսը` «փոփոխություն», որով նախատեսվում էր երկրում միլիոնավոր աշխատատեղերի ստեղծում և տնտեսության առողջացում, չի գործում: Ճգնաժամը հետզհետե ավելի է խորանում` սպառնալով աշխարհում ԱՄՆ գերիշխող դիրքերին: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը փետրվարի 24-ին տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում շուրջ 702 բանկ սնանկացման եզրին է: Փետրվարի 5-ին հրապարակված ԱՄՆ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թ. հունվարին գործազրկության մակարդակը կազմել է 9,7%. երկրում գործազուրկ է շուրջ 15 միլիոն մարդ: Օբամայի իշխանության գալուց հետո 2,4 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը:

Ունենալով «դասական» կայսրություններին բնորոշ բոլոր հայտանշանները` (ֆինանսական գերակայություն աշխարհում, ռազմական հզոր ներուժ և ներկայություն այլ երկրներում, էթնիկ կազմի բազմազանություն), ԱՄՆ-ն փաստորեն դատապարտված է նրանց  ճակատագրին:

Ստորև ներկայացվում են ֆինանսատնտեսական, ռազմական, կառուցվածքային, սոցիալական և աշխարհաքաղաքական ոլորտներում առկա պատճառները, որոնք հիմնավորում են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գերակա դերի մոտալուտ կորուստի մասին թեզը:

Առաջին`  ԱՄՆ-ին սպառնում է սնանկ ճանաչվելու վտանգը, քանի որ երկրի պետական պարտքը վերջին 30 տարիներին ավելացել է շուրջ 13 անգամ` 909 միլիարդից 2009 թ. նոյեմբերին հասնելով 12 տրիլիոն դոլարի: Պետական պարտքի նման մակարդակը, որն, ի դեպ, աճի միտում ունի, գրեթե անհնար է դարձնում դրա մարումը: Սա կարող է հանգեցնել ԱՄՆ դոլարի` համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակի կորստի` ԱՄՆ-ին զրկելով համաշխարհային գործընթացների վրա ազդելու թիվ մեկ լծակից:

Դոլարից հրաժարվելու գործընթացը ներկայումս բավական ակտիվ  փուլում է. դրանից արդեն բազմաթիվ երկրներ են հրաժարվել. Իրան, Թուրքիա, Վենեսուելա, Արգենտինա, Բրազիլիա, Կուբա, Բոլիվիա: Ամերիկյան արժույթից հրաժարվելու մասին լրջորեն մտածում են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմենիկ Ստրոսս-Կանը դեռ 2009 թ. նոյեմբերի 8-ին,  երբ Չինաստանում էր պաշտոնական այցով, հայտարարել է. “Դոլարի` որպես համաշխարհային պահուստային գլխավոր արժույթի օրերը հաշված են”:

Երկրորդ` Իրաքում և Աֆղանստանում ձգձգվող ռազմական գործողությունները սպառնում են վերածվելու “երկրորդ Վիետնամի”: ԱՄՆ-Ն շարունակում է Աֆղանստանում ավելացնել իր զորքի թվակազմը: Աֆղանստանում 2001 թ. ի վեր ռազմական ծախսերը կազմել են շուրջ 300 միլիարդ դոլար: Իսկ անցած տարվա դեկտեմբերի 1-ին նախագահ Օբաման «Վեստ Փոինթ» ռազմական ակադեմիայում հայտարարեց, որ հրաման է ստորագրել ևս 30 հազար ամերիկյան զինվոր Աֆղանստան ուղարկելու մասին:

Լրացուցիչ ուժեր ուղարկելու հանգամանքը մեծ բեռ է առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ամերիկյան տնտեսության համար, ինչը կհանգեցնի հարկերի էլ ավելի բարձրացման` դրանից բխող հետևանքներով, այն է` ժողովրդի կենսամակարդակի իջեցում և ամերիկյան ապրանքների մրցունակության անկում: Ի լրումն` Իրաքում 250-հազարանոց բանակի մասնակցությամբ արդեն 5 տարի ձգվող ռազմական գործողությունները. պաշտոնական տվյալներով 2003 թ. մինչ օրս դրանց վրա ծախսված գումարները կազմել են շուրջ 1 տրիլիոն դոլար: Բացի այդ, ԱՄՆ-ն հիմա լրջագույն ռազմական խնդիրների առջև է կանգնած աֆղանական ճակատում, քանի որ ստիպված է զորքի թվաքանակի ավելացմամբ առավելության հասնել «Թալիբան» շարժման նկատմամբ: Սակայն ԽՍՀՄ-ի փորձը Աֆղանստանում 1979-1989 թ. ցույց տվեց այդ ռազմավարության արատավորությունը:

Նախագահ Օբաման վերջերս հաստատել է նաև ԱՄՆ 2010 թ. ռազմական բյուջեն` շուրջ 680 միլիարդ դոլար: Իսկ պետական բյուջեի ռեկորդային պակասորդը 2010 թ. նախատեսվում է 1,8 տրիլիոն դոլարի սահմաններում, ինչը 180 անգամ ավելի է 1998 թ. մակարդակից:

Ուստի, պետբյուջեի դեֆիցիտի այս բարձր պայմաններում ռազմական նման չափի բյուջեի հաստատումը սպառնում է ԱՄՆ ֆինանսատնտեսական ճգնաժամով: Բացի այդ, ռազմական այդ ծախսերն ապահովվելու են նաև տնտեսության այլ ոլորտների ֆինանսավորման հաշվին`  դրանից բխող բացասական հետևանքներով:

Երրորդ`  2007 թ. վերջերից սկսված համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի գլխավոր պատճառը ԱՄՆ դոլարի «գերարտադրությունն» էր առկա ծառայությունների ու  ապրանքների ավելացման համեմատությամբ,  ծանր հարված հասցրեց ԱՄՆ տնտեսությանը: Մասնավորապես, սնանկացան և իրենց դիրքերը կորցրին այնպիսի հեղինակավոր բանկեր, ինչպիսիք են Lehman Brothers-ը, Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն, Washington Mutual-ը և այլք:

Բնակչության մի զգալի հատվածը, կորցնելով աշխատանքը, չկարողացավ ապահովել հիպոթեքային վարկերով ձեռք բերված տների վճարները և հայտնվեց փողոցում: Իսկ զենքի վաճառքի հասանելիության և զենքի առկայության  բարձր մակարդակի պայմաններում տնազուրկ ամերիկացիների թվաքանակի հետագա ավելացումը հղի է անարխիայի ու քաղաքացիական պատերազմի հնարավոր վտանգով:

ԱՄՆ-ն մեկ շնչին ընկնող  բանտարկյալների թվով աշխարհում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը. 100 հազար բնակչին` 715 բանտարկյալ: Բանտարկյալների ընդհանուր թիվը շուրջ  2,3 միլիոն է:

Չորրորդ`  վերջին տարիներին նկատելիորեն ուժեղանում է Ռուսաստանի և Չինաստանի հակազդեցությունը Ամերիկայի գերիշխող դիրքերին: Օրինակ` ռուս-վրացական պատերազմը, վերահաստատելով ռուսական գործոնի գերակայությունը տարածաշրջանում, հարվածեց Վաշինգտոնի դիրքերին: ԱՄՆ-ն, փաստորեն, չկարողացավ իրական օժանդակություն ցույց տալ իր դաշնակից Վրաստանին, իսկ Ռուսաստանը պայմանագրերով ամրագրեց իր ռազմական ներկայությունը Հարավային Օսեթիայում և Աբխազիայում:

Իսկ Չինաստանի տնտեսությունը, չնայած համաշխարհային ճգնաժամին, շարունակում է աճ արձանագրել. 2009 թ.` 8,7%, 2010 թ.` ԱՄՀ կանխատեսման համաձայն` 10%: Բացի այդ, Չինաստանը հավակնում է դառնալու համաշխարհային հեգեմոն ուժ. լայն թափով վերազինում է իր բանակն ու տիեզերքի յուրացմանն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Հինգերորդ`  ԱՄՆ-ի  վարչատարածքային բաժանումը խոցելի կողմեր ունի: Կենտրոնական իշխանության ենթակայության տակ գտնվող նահանգներն ինքնիշխանության բարձր մակարդակ ունեն և դրանից բխող` անջատողական հարաբերական տրամադրություններ: Յուրաքանչյուր նահանգ իրեն հատուկ սահմանադրություն, օրենքներ, դատական ու գործադիր իշխանություններ ունի և փաստացի անկախ պետություն է: Եվ ԱՄՆ-ն նահանգների անջատողական տրամադրությունների արտահայտման նախադեպ ունի. 1861-1865 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ հարավային նահանգները ձգտում էին դուրս գալ ԱՄՆ կազմից: Իսկ այսօր նահանգային բյուջեների ոչ բավարար հատկացումների պատճառով շատ նահանգներում կենտրոնական իշխանությունից դժգոհություն է առաջացել: Այս առումով ուշագրավ է Կալիֆորնիայի օրինակը. նահանգի դրոշին գրված է «Կալիֆորնիայի Հանրապետություն»:

Վերը նշված գործոնները վկայում են, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում կբախվի չափազանց  լուրջ հիմնախնդիրների` ստիպված լինելով կորցնել համաշխարհային հզոր կայսրության իր դերը:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/03/26039/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.

Реклама