Մարտի 5-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252 բանաձևի ընդունումը հայ հանրությունը մեծ ուրախությամբ ընդունեց:

Նույն հանձնաժողովի կողմից նման բանաձև նախկինում ընդունվել է 3 անգամ` 2000, 2005, 2007 թթ, բայց ընթացք չի տրվել` չհասնելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի ընդունման:

Հարց է ծագում, իրո՞ք անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակել, ի՞նչ դրական արդյունք է տվել նախկինում երկու տասնյակից ավելի պետությունների կողմից ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը, երբ Թուրքիան այն չի ճանաչում: Պարզ չէ` որն է հայկական կողմի համար այդ քաղաքականության իրական օգուտն ու նպատակահարմարությունը, եթե ճանաչումը ծառայում է միայն ճանաչող երկրի շահերին:

Օրինակ` Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գլխավոր շարժառիթը Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունների ձախողումն էր, իսկ հարցը քրեականացնելը` թուրք էմիգրանտների վրա ազդեցության լծակների ավելացումը: Իսկ Թուրքիայի կողմից ֆրանսիական ապրանքների բոյկոտը երկար չտևեց, և այդ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակեցին նորմալ հունով զարգանալ: Նույնը կատարվեց և Շվեյցարիայում:

Թիրախը, փաստորեն, սխալ է ընտրված: Հանցագործը Թուրքիան է, ուստի ավելի նպատակահարմար է համապատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հասունացնելու համար, ոչ թե հանցանքի «վկաներին» կատարված հանցանքը ճանաչել տալով` Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել:

Իսկ իրականությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը տարբեր երկրներում և հատկապես ԱՄՆ-ում քվեարկության են դրվում այն ժամանակ, երբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու խնդիր է առաջանում:

Թուրքիան բավական մեծ «անկանխատեսելիության գործակից» ունի, և դա հասկանալով` ԱՄՆ-ն միշտ ձգտում է Թուրքիայի «բոնապարտիստական» ձգտումները սանձել սառը ցնցուղով, այն է` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը Ներկայացուցիչների պալատ մտցնելով: Եվ ստանալով ակնկալված զիջումը` ամերիկյան վարչակազմը թույլ չի տալիս, որ հարցն ավելի լուրջ մասշտաբով դրվի քննարկման:

Փաստորեն, մի ամբողջ ժողովրդի պատմական մեծագույն աղետը որպես ցեղասպանություն ճանաչել կամ չճանաչելը վերածվում է միջազգային քաղաքական շահարկումների առարկայի:

Բացի այդ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը շարունակելը չի կարող դրդել Թուրքիային փոխել իր դիրքորոշումն այդ հարցում: Յուրաքանչյուր ճնշում հանգեցնելու է հակազդեցության, ինչպես, օրինակ` վերջերս բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարքագիծը. Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ջոնսոնին թուրքերը հայտնեցին, որ իրենք ոչ մի դեպքում որոշումներ չեն ընդունի, եթե իրենց վրա ճնշում գործադրվի:

Թուրքիայի այս մերժողական դիրքորոշումը բնական է, եթե հաշվի առնենք այն, որ տասնամյակներ շարունակ այդ երկրում ցեղասպանության հարցը եղել է խստագույն տաբու, թուրք ժողովուրդը սնվել է պաշտոնական կեղծ գաղափարներով: Թուրքիայի` փաստն ամեն կերպ թաքցնելու ազգային քաղաքականությունը թուրք հանրությանը դարձրել է անողոք ու անզիջում: Եվ ներկա իշխանությունը նման ոչ բավարար հասարակական կամքի պայմաններում, եթե ուզենա էլ, չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այսպիսով, հրամայական է դառնում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում Հայաստանի մարտավարության փոփոխությունը:

Թուրքիայում չճանաչելու կարծրատիպը կոտրելու լավագույն միջոցը կարող է լինել թուրք հասարակությանը Հայոց ցեղասպանության մասին իրական փաստերը մատչելի դարձնելու քաղաքականությունը: Օրինակ` անհրաժեշտ է ինտերնետում կայքէջեր ստեղծել` Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստագրական նյութերով, թուրքերեն: Միաժամանակ քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի դրանց հասանելիությունը Թուրքիայի քաղաքացիների համար:

Միջազգային ճանաչման գործընթացի վրա ծախսվող միջոցները կարելի է ուղղել Թուրքիայիում 301-րդ հոդվածի վերացման գործին: Ապա, դրա հաջողության դեպքում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ եղած գրքերը թարգմանել թուրքերեն, նորերը կազմել` տարբեր երկրների արխիվային նյութերի ընդգրկմամբ, ու տարածել:

Փաստենք, որ Հայոց ցեղասպանության մասին թուրքալեզու տեղեկատվական բազան անկատար է. թուրքերեն տպագիր ու էլեկտրոնային նյութերը մերժողական  բովանդակություն ունեն և արտահայտում են Թուրքիայի պաշտոնական տեսակետը: Ուստի, հրամայական է լրացնել այս բացը և իրական փաստերը թուրքերենով տարածելով` իրազեկել թուրք հանրությանը: Ինչպես Վահան Դիլանյանն է նշում «Հայ-թուրքական երկխոսության նոր փուլը» հոդվածում. «Թուրքական բնակչության մեծ մասը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի հավատում, որ իրենց նախնիներն այդպիսի ոճրագործություն են արել»:

Ընդհանուր հետաքրքրության աճի պայմաններում, որը պետք է իրականացվի PR տեխնոլոգիաների միջոցով, թուրքերի շրջանում լայն քննարկումներ կսկսվեն: Ինչպես, օրինակ` 2008 թ. թուրք մտավորականության կազմակերպած ինտերնետային ստորագրահավաքը, երբ 30 հազար թուրք Հայոց ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրեց: Չնայած ներողություն հայտնողների թիվը փոքր էր, այն մեծ արձագանք գտավ այդ երկրում:

Այդպիսով, ստեղծելով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմացող ժողովրդական «կրիտիկական զանգված», կձևավորվի հասարակական համապատասխան միջավայր, որը հնարավորություն կտա թուրքական կառավարությանը քաղաքական կամք դրսևորել` ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը:

Նշված ռազմավարության իրականացումը դժվար ու երկարատև է լինելու, բայց` իրագործելի ու նպատակային:

Մեր ունեցած պատմական փորձն ու ներկայիս քաղաքական գործընթացները հաշվի առնելով` պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունն անվերջ ու, հետևաբար, անհեռանկար ու անիմաստ գործընթաց է: Ավելի կարևոր է, որ Թուրքիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը, քան միջազգային  հանրությունը:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/03/26847/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.

Реклама