Իրանի միջուկային հարցում Թուրքիան աստիճանաբար դառնում է կարգավորման միջնորդ կողմ. վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն է  նախաձեռնում Թուրքիայի այդ դերը:

Այսպես, փետրվարի 14-ին Կատարում Թուրքիայի վարչապետ Էրդողանն առանձնազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում, ինչպես նշեցին թուրքական ԶԼՄ-ները, Քլինթոնը փորձել է Էրդողանին համոզել ուժեղացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Դրանից ընդամենը  երկու օր անց` փետրվարի 16-ին, Թուրքիայի արտգործնախարար Դավութողլուն այցելեց Թեհրան, որի հիմնական նպատակը Իրանի միջուկային հարցի հետ կապված միջազգային լարվածության մեղմումն էր. Դավութողլուն հանդիպել էր Իրանի նախագահ Ահմադինեժադի, արտգործնախարար Մոթթաքիի, խորհրդարանի նախագահ Լարիջանիի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար ու միջուկային ծրագրերի հարցերով գլխավոր բանագնաց Սաիդ Ջելիլի հետ:

Իրանական այցից 2 օր անց` փետրվարի 18-ին, Անկարայում Դավութօղլուն հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ և տեղեկացրեց իր Իրան կատարած այցի մանրամասները, մասնավորապես  «խնդրեց ԱՄՆ-ին շարունակել հարցի լուծման դիվանագիտական ճանապարհների որոնումը»:

Փաստորեն, ԱՄՆ իշխանությունները թուրքական ղեկավարությանը հայտնում են իրենց մտահոգությունն Իրանի հարցում, ապա թուրքերը մեկնում են Իրան ու զեկուցում Վաշինգտոնին արդյունքների մասին:

Այս փաստը պատահական չէ. ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերն Իրանի հարցում արդյունք չեն տալիս: Ընդհակառակը. Իրանի նախագահ Ահմադինեժադը փետրվարի 7-ին հայտարարեց, որ Իրանը ուրանի հարստացումը հասցնելու է մինչև 20 տոկոսի, այսինքն` ներկայիս 3.5 տոկոսից մոտ 6 անգամ ավելի:

Միացյալ Նահանգները, տեսնելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը միջուկային հարցում, փորձում է երրորդ կողմի` Թուրքիայի միջոցով ‘’սանձել’’ նրան: «ԱՄՆ-ն չի ծրագրում հարձակվել Իրանի վրա, այլ ձգտում է Թեհրանի հետ երկխոսության»,- հայտարարել է Քլինթոնը Կատարում:

Կարելի է ենթադրել, որ իրանական հարցում Թուրքիայի միջնորդական դերի նախապատրաստման գործընթացը նոր չի սկսվել, իսկ թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ այնքան վատ չեն, ինչպես, օրինակ, վերջերս ահազանգեցին ամերիկյան հեղինակավոր RAND կորպորացիայի փորձագետները «Վտանգված գործընկերություն. թուրք-ամերիկյան հարաբերությունները աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» մենագրությունում:

Այդ աշխատությունում նշվում է, որ Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր ձախողումը կարող է հանգեցնել թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացման, քանի որ դրան հնարավոր է` հաջորդի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:

Այդ հետազոտությունը, սակայն, յուրահատուկ «մեսիջ» է Թուրքիային, որ Ցեղասպանության ճանաչումից բացի, «Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` արգելելով զենքի վաճառքը նրան, եթե Թուրքիայում զինվորականները միջամտեն քաղաքական զարգացումներին»: Փաստորեն, ամերիկյան շրջանակները ցույց են տալիս, որ Թուրքիայի վրա ազդելու որոշակի լծակներ ունեն:

Փորձագետների մի ստվար զանգված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ապացույց է համարում վերջին շրջանում Թուրքիայի ու ԱՄՆ դաշնակից Իսրայելի հարաբերությունների առկա լարվածությունը` կապված Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետ: Նրանք, այդպիսով, թերևս պնդեն,  որ հնարավոր չէ Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունը Իրանի հարցում:

Սակայն, ելնելով ԱՄՆ-Թուրքիա-Իրան  գծի զարգացումներից` կարելի է ենթադրել, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը սոսկ «քաղաքական մանևր» էր, որի նպատակն էր Իրանի «աչքում» բարձրացնել Թուրքիայի «չեզոքության գործակիցը» և հող նախապատրաստել Իրանի հարցում Թուրքիայի միջնորդական դերի համար:

Թուրքիայի այդ «չեզոքության գործակցի» բարձրացմանն է նպաստել հատկապես 2009 թ. հոկտեմբերին Իրանի հետ ձեռք բերված այն համաձայնությունը, ըստ որի` Թուրքիան ու Իրանը որոշել են հրաժարվել ամերիկյան դոլարից և փոխադարձ հաշվարկներում օգտագործել սեփական արժույթները: Այսինքն` Թուրքիան կարողացավ համոզել Իրանին, որ ինքը զուտ սեփական շահերից ելնելով է համագործակցում Թեհրանի հետ, անկախ ԱՄՆ ցանկությունից:

Իսկ ինչու հնարավոր չէ, որ Թուրքիան իրականում  կտրուկ ընդդիմանա Իսրայելին ու ԱՄՆ-ին ու մերձենալ Իրանի հետ, կամ ինչու են թուրք-ամերիկյան  հարաբերությունները շարունակում  մնալ ռազմավարական:

Հարցին կարելի է պատասխանել` հաշվի առնելով հետևյալ իրողությունները.

  1. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իր տարածքում ամերիկյան (ՆԱՏՕ-ական) ռազմավարական նշանակության զինուժ ունի և շարունակում է ամերիկյան օգնություն ստանալ ռազմական տարբեր ոլորտներում: Ուշագրավ է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինչիռլիք» բազան, որը միջուկային զենքի և հետախուզական կայանների բազա է` Թուրքիայի համար շատ կարևոր:
  2. ԱՄՆ մոտեցումը քրդական հարցում Թուրքիայի համար չափազանց ձեռնտու է: Վաշինգտոնը Քրդական բանվորական կուսակցությունն ընդգրկել է ահաբեկչական կառույցների շարքում այդպիսով Թուրքիային գործողությունների լրիվ ազատություն` «քարտ բլանշ» տվել:
  3. Թուրքիան համարվում է Nabucco գազատարի գլխավոր  տարանցիկ երկիրը, իսկ գազատարի գործարկման գլխավոր խնդիրը ադրբեջանական գազի անբավարարությունն է. այս պարագայում, առանց իրանական գազի մասնակցության, Nabucco-ն չի կարող իրականանալ:  Մինչդեռ Թուրքիան տարանցիկ ու նաև գազի ստացման խնդիր ունի: Ուստի նրա շահերից է բխում Իրանի մասնակցությունը նախագծին:
  4. ԱՄՆ-ն իր հերթին չի կարող թույլ տալ Եվրոպայում ռուսական գազի հարաճուն ազդեցությունը և Ռուսաստանի էներգետիկ նախագծերում Թուրքիայի  տարանցիկ աջակցության փաստը: ԱՄՆ-ի համար մնում է թույլ տալ Իրանին մասնակցել  այլընտրանքային գազի աղբյուր Nabuccօ նախագծում: Իրանի մասնակցությամբ ԱՄՆ-ն լուծում է նաև իր գերխնդիրը. Իրանի կոշտ դիրքորոշումը միջուկային խնդրում ինքնըստինքյան կմեղմանա:
  5. Իսրայելի հետ Թուրքիան ընդհանուր ռազմավարական շահեր ունի` կապված արաբական և քրդական հարցերի հետ: Թուրքիայի և Իսրայելի համար արաբական Սիրիան շարունակում է ընդհանուր թշնամի մնալ: Իսկ քրդական հարցում կողմերի համագործակցությունն իրավական հիմքերի վրա է դրված:

Դեռևս 1996 թ. փետրվարի 23-ին Թել Ավիվում Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության գաղտնի պայմանագիր, ըստ որի` Իսրայելը պարտավորվում է օգնել Թուրքիային քուրդ ապստամբների դեմ` Իրանի, Սիրիայի և Իրաքի հետ Թուրքիայի սահմաններն ամրացնելու և պաշտպանելու հարցում:

Ռազմական համագործակցության ոլորտում կողմերը համատեղ զորավարժություններ են իրականացնում:

Թուրքիայի համար չափազանց կարևոր է ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ձախողումը: Իսկ հրեական ազդեցիկ լոբբին սպառնում է աջակցել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը, եթե Թուրքիան փորձի հակաիսրայելական քաղաքականություն վարել: Թուրքիան էլ  քաջ գիտակցում է, որ հրեական ազդեցիկ լոբբին ամերիկյան շրջանների հետ միասին որոշիչ ավանդ կունենան այդ հարցում:

Այս վտանգը ստիպում է Թուրքիային բարձր մակարդակի վրա պահել իր հարաբերությունները ԱՄՆ-ի ու  նրա դաշնակից Իսրայելի հետ:

Թուրքիայի վերը նշված շահերից պարզ է դառնում, որ ավելի հավանական է այն վարկածը, որ Թուրքիան չի կարող ընդդիմանալ ԱՄՆ-ին ու Իսրայելին և իրանական հարցում ԱՄՆ-ի համար «զսպիչ-միջնորդի» դեր է կատարում: Եվ միանգամայն անհավանական է, որ Թուրքիան լրիվ անկախ քաղաքականություն վարեր ու ընդդիմանալով ԱՄՆ-ին ու Իսրայելին` մերձենար նրանց թշնամի Իրանին:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/03/25323/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.

Реклама