Առաջին հայացքից բնական և անհրաժեշտ համարվող երկու շաղկապված երևույթները` նորաձևությունը և նիհարելու ցանկությունը, որոշ կարևոր նրբություններ և թաքնված վտանգներ ունեն:

Մի խումբ դիզայներներ իրենց անբնական հակումներից բխող ճաշակը ձգտում են պարտադրել բոլորին` ուղղակի և անուղղակի ճանապարհներով: Իր ապագա երեխաների համար համապատասխան մայր փնտրող տղամարդկանց պիտի որ զարմացնեն պոդիումի վրա քայլող գունատ և կանացի, երկրորդային սեռական հատկանիշներից զուրկ, անկենդան հայացքով նորաձևություն ցուցադրողները: Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ անգիտակցաբար ընդունում են այդ կարծրատիպերը` համարելով, որ դա հենց այն է, ինչ պետք է և կարևորը` «առաջադեմ է ու նորաձև»:

Իսկ ինչու՞ նորաձևություն ցուցադրող իգական սեռի ներկայացուցիչները պետք է ունենան այդ միանգամայն անբնական տեսքը: Չէ՞ որ կանացի նորմալ հորմոնալ ֆոնի առկայության պարագայում ուղղակի անհնար է նման ոչ բնական, անհամապատասխան կառուցվածքը:

  • Դիզայներներն իրենց սեռական հակումները ենթագիտակցորեն արտահայտում են հնարավորինս ոչ իգական կառուցվածք ունեցող մոդելներ ընտրելով՝ նրանց առավելագույնս նմանեցնելով դեռահաս տղաների ֆիզիկական կառուցվածքին:
  • Մոդելների՝ իգական սեռի ներկայացուցիչներին ոչ բնորոշ կառուցվածքը  և անտեղի  վտիտ վիճակը մեծ դժվարություններ է ստեղծում վերարտադրողական գործառույթների   բարեհաջող իրականացման համար: Նրանց    խաչաձև քայլքը և մասշտաբային ազդրախաղը   պոդիումում ավելի բնորոշ է իգական սեռի ոչ          պարկեշտ վարքագծի տեր     ներկայացուցիչներին:

Հարցի մյուս կողմն այն է, որ այդ մոդելները հիմնականում շատ տանջալից դիետաներ են պահում և որոշ թմրանյութեր օգտագործում  իրենց այդ տեսքը ստանալու համար: Որոշ դեպքերում նիհարեցնող դիետաները առաջացնում են սննդի նկատմամբ զզվանքի զգացողություն և բժշկությանը հայտնի ծայրահեղ վտանգավոր վիճակ՝ անորեքսիա, որը մահվան պատճառ է դառնում:

Մոդելներին տեսնող գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչների մեջ առաջանում է թերարժեքության բարդույթ և միանգամայն վնասակար գործընթաց՝  հնարավորինս նմանվելու «բարձր» պոդիումներում տեղաշարժվող և ճաշակ թելադրող էակներին:

Այդ տեսքին համապատասխանելու համար սկսվում է մի արատավոր շրջան` ֆիզիկական և հոգեկան տանջանքներով, հիասթափություններով ու զրկանքներով:

Առավել վտանգավոր է, երբ դեռ չձևավորված դեռահաս աղջիկներն են զբաղվում թերսնմամբ`ապագայի համար «վաստակելով» անպտղության հեռանկարը:

Սակայն յուրաքանչյուրը պետք է հիշի, որ դրսից արհեստականորեն հրամցվող  յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր էակի հատկանիշները ձևավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, և յուրաքանչյուրը գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը» իռացիոնալ է և հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:

Այն, որ կանանց վերարդադրողական  գործառույթն անհամատեղելի է հյուծված և թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Նիհարեցնող դիետաները խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի՝ ճարպերի և վիտամինների մուտքը օրգանիզմ` առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ.

1.     Կանացի հիմնական և խիստ կարևոր հորմոնների՝ էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ  այդ ճարպերի և վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երևույթներ,

2.   Հղիության բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ, քանի որ «մեկը երկուս է դառնում»` առաջանելով սննդատու նյութերի մեծ պահանջ` այդ «երկրորդին» ձևավորելու և նորմալ զարգացնելու համար:

Եթե մինչև հղիությունը կնոջ օրգանիզմը բավարար ամրություն  չունի, առաջանում է լուրջ խնդիր, քանի որ օրգանիզմը միշտ ձգտում է անբարենպաստ և ծախսատար վիճակների մեջ չհայտնվել: Հետևանքը` ճակատագրական երկընտրանք. կա՛մ հյուծումից խուսափելու համար կնոջ օրգանիզմը ինքնուրույն պիտի ազատվի երեխայից, կա՛մ կնոջ օրգանիզմին լուրջ վնասներ հասցնելու ճանապարհով հղիությունը մեծ դժվարությամբ պիտի հասնի վերջնակետին:

Անշուշտ, թե՛ մեկը, թե՛ մյուսը խիստ անցանկալի է: Կարելի է ձևակերպել այսպես. «Կնոջ յուրաքանչյուր ակնհայտ երևացող ոսկոր հակադարձ համեմատական է առողջ երեխա ունենալու հավանականությանը»: Ուրեմն այս և այլ խնդիրների առջև չկանգնելու համար  չարժե սեփական օրգանիզմը անտեղի տանջել որևէ նիհարեցնող դիետայով:

Շատերը կհարցնեն` իսկ եթե գեր ենք կամ գիրանում ենք, այդ դեպքում ի՞նչ անել:

Գենետիկ նախատրամադրվածությունից բխող գիրացման դեպքում ոչ մի դիետա չի փրկի, առավելագույնը` կմեղմացնի վիճակը: Իսկ շատակերության և անբավարար ֆիզիկական ակտիվության առաջացրած գիրության դեպքում լուծումը մեկն է` սնվել հավասարակշռված և ավելորդ էներգիան վատնել ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով:

Այդուահանդերձ, գեր կամ ոչ գեր սահմանումը հարաբերական է և շատ սուբյեկտիվ:

«Ճաշակին ընկեր չկա»  դարձվածքն անհամատեղելի է որևէ խմբի կողմից  իր պատկերացրած «նորաձևություն» կոչվածը ուրիշների վզին փաթաթելու ցանկության հետ: Ցանկացած երևույթ պետք է հնարավորինս ռացիոնալ լինի, այսինքն  կարելի է վստահ ասել, որ նորաձև է այն, ինչն առավելագույնս է համապատասխանում տվյալ եղանակային պայմաններին, առիթին և անձի ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկություններին: Մյուս բոլոր դեպքերը միջամտություն են ազատ կամքի արտահայտմանը:

Այսպիսով, նորաձևության և դիետաների միջոցով անբնական կանացի տեսք հրամցնելու հանգամանքը անընդունելի է ցանկացած ազգի համար, որն ուզում է ունենալ նորմալ վերարտադրողականություն. սա  առավել մեծ չափով վերաբերվում է հայերի նման փոքրաքանակ ազգերին:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/05/37356/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.

Реклама