Համաշխարհային ճգնաժամը մեծ հարված հասցրեց աշխարհի գրեթե բոլոր պետություններին. վնաս կրեցին համաշխարհային տնտեսության բոլոր ոլորտները: Վերջին շրջանում նկատվող որոշ դրական փոփոխությունները կարող են հիմք տալ ենթադրելու, թե ճգնաժամն արդեն ավարտվել է, սակայն առկա փաստերը վկայում են, որ այս ճգնաժամը համակարգային է և չի կարող վերանալ, եթե չկատարվեն համակարգային փոփոխություններ:

Իրականացվող միջոցառումներն իրենց բնույթով ավելի շուտ նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները` առանց վերացնելու ճգնաժամ ծնող պատճառները: Ճգնաժամը նախ և առաջ ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական ոչ արդյունավետ համակարգի արդյունք է, իսկ մյուս երկրները տուժեցին, քանի որ ֆինանսական թելերով ամուր շաղկապված էին ԱՄՆ-ին: Եթե դիտարկենք XX դարում տեղի ունեցած ճգնաժամերը, ապա պարզ կդառնա, որ դրանք ընթացել են ալիքաձև: Յուրաքանչյուր անկման հաջորդում է վերելք, իսկ  վերելքին` նոր անկում:

1929 թ. սկսված մեծ դեպրեսիան ԱՄՆ-ում հաղթահարվեց այն ժամանակ, երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը. ռազմական պատվերների կտրուկ ավելացումը հնարավորություն տվեց ավելի հզորացած դուրս գալու պատերազմից: ԱՄՆ-ի հաճախակի ճգնաժամների մեջ հայտնվելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ 1913 թ. հիմնադրված երկրի կենտրոնական բանկը (Դաշնային պահուստային համակարգ (ԴՊՀ)) լիովին անկախ կառույց է և հաշվետու չէ պետությանն իր գործունեության համար:

Իրականացնելով դոլարի անվերահսկելի ու մեծաքանակ արտադրություն` բանկն այդ գումարը որոշակի տոկոսադրույքով տրամադրում է կառավարությանը: Եվ քանի որ դոլարը նաև համաշխարհային հիմնական արժույթն է, դոլարի քանակի անկառավարելի աճը ուղղակիորեն հարվածում է բոլոր մասնակից երկրներին: Աշխարհի համախառն արտադրանքն իր աճի տեմպերով չի հասնում դոլարի ավելացման տեմպերին` առաջացնելով դոլարի արժեզրկում (ինֆլյացիա) և ապրանքների գների աճ: Իրավիճակը ցնցումային չէր, քանի դեռ ԱՄՆ-ն ոսկով ապահովում էր իր արժույթի գինը: Սակայն 1976 թ. լողացող փոխարժեքների համակարգին անցում կատարելով և հրաժարվելով դոլարի ոսկով ապահովումից` վերացավ դոլարի արժեզրկումը խոչընդոտող հիմնական զսպաշապիկը, և այդ պահից աշխարհի հիմնական արժույթը ոչնչով ապահովված չէ:

Տասնամյակների ընթացքում ԴՊՀ-ն նաև նպաստել է բնակչությանը տարատեսակ վարկերի (հիպոթեկային, սպառողական) անսահմանափակ տրամադրմանը, ինչը պարբերաբար հանգեցրել է նրան, որ բնակչության զգալի մասը, հայտնվելով պարտքերի մեջ և  կորցնելով աշխատանքը, զրկվել է այն ամենից, ինչ ձեռք է բերել նախկինում վարկերի միջոցով:

Դոլարի անհուսալիության ուղղակի հետևանք էր 1999 թ. նոր արժույթի` Եվրոյի ստեղծումը: Այս հանգամանքը որոշակիորեն մեղմեց երկրների կախվածությունը  դոլարից: Այժմ ԱՄՆ-ն, օգտագործելով Հունաստանի ծանր վիճակի խաղաքարտը, հարձակում է սկսել եվրոյի նկատմամբ, որի փոխարժեքը անկում է ունեցել: Սակայն, ամենայն հավանականությամբ, ԵՄ հիմնասյուների` Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերով կհաջողվի խուսափել հետագա անկումից և դուրս գալ ճգնաժամից: Ոսկին նույնպես դիտարկվում է որպես ճգնաժամից  խուսափելու փորձված տարբերակ: Եթե 2008 թ. վերջերին ոսկու մեկ տրոյական ունցիան արժեր շուրջ 750$, 2010 թ. մայիսի տվյալներով` ոսկու գինը տատանվում է 1225 $-ի սահմաններում (ըստ ոսկու գրաֆիկի` աճը հավանաբար կշարունակվի): Այսինքն` ճգնաժամի թեժ շրջանում փախուստը արժույթներից մեծացրել է ոսկու պահանջարկը` հանգեցնելով դրա գնի բարձրացմանը: Ուստի տրամաբանական է, որ քանի դեռ ոսկու գինը աճի միտում ունի, ճգնաժամը ավարտված համարել չի կարելի: Արծաթի, պլատինի և մյուս մետաղների գները նույնպես աճել են:

Ներկայիս թվացյալ առողջացումը ճգնաժամի  անկման ալիքին հաջորդած հակաալիք էր, որին պետք է հաջորդի նոր անկում:

Մի կողմից` ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը պահանջում է նոր պատերազմներ և նոր ռազմական պատվերներ, մյուս կողմից` այդ պատերազմների սանձազերծումը ավելի է մեծացնում ԱՄՆ պետական պարտքի բեռը` առաջացնելով տնտեսության մյուս ոլորտների անհամաչափ զարգացում: Պարզ է, որ ռազմարդյունաբերական համալիրի գերակայությամբ գործող և անընդհատ պատերազմելու կարիք ունեցող համակարգը չի կարող արդյունավետ լինել և երկար գոյատևել: Պատերազմների միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության մակարդակի նվազեցումը և այլ խնդիրների լուծումը փակուղային է և ի վերջո ստեղծելու է մի վիճակ, երբ «փոս փորողն ընկնելու է իր փորած փոսը»: ԱՄՆ-ի ներկայիս քայլերը ֆինանսական ոլորտի կարգավորման ուղղությամբ (նորանոր քանակի դոլարային հատկացումներ տնտեսության մեջ) նման են վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդին կոսմետիկ վիրահատությամբ բուժելու փորձերի, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:

Ի՞նչ հնարավոր  տարբերակներ կան  ճգնաժամից դուրս գալու  համար

— Աշխարհում բազմաթիվ թեժ կետերի առկայության պայմաններում, որպես ճգնաժամից դուրս գալու տարբերակ, ԱՄՆ-ն կարող է դիտարկել լոկալ և նույնիսկ համաշխարհային պատերազմի սանձազերծումը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու համակարգային փոփոխություններ, ստեղծելու նոր ֆինանսատնտեսական մոդել, որի արդյունքում կառաջանան ուժային նոր կենտրոններ:

— Ճգնաժամը հաղթահարելու մյուս տարբերակը կարող է լինել բազմարժութային ֆինանսական համակարգի ստեղծումը` յուանի, եվրոյի, ռուբլու և այլ ռեգիոնալ արժույթների հավասարաչափ ընդգրկմամբ` բացառելով որևէ արժույթի գերայությունը աշխարհում: Դա պետություններին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու ֆինանսական քաղաքականությունը և ավելի ճկուն գործելու պայմաններ ստեղծելու` զգալիորեն խուսափելով ցնցումային իրավիճակներից:

— Ներկայումս աշխարհի շատ երկրներում ստեղծված տնտեսական գործունեության  ֆիկտիվ ոլորտը (զանազան արժեթղթերի սպեկուլյացիա, բանկային տարբեր գործառույթներ, ծառայությունների սեկտորի անհամամասնական զարգացում իրական արտադրության հետ համեմատած) վաղ թե ուշ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամերի. ուստի արտադրական հնարավորությունների մեծացումը, ֆինանսա-կրեդիտային համակարգի խիստ վերահսկողությունը  և ավելի արդյունավետ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը  տնտեսության մեջ էապես կնպաստեն ճգնաժամի հաղթահարմանը: Յուրաքանչյուր պետության իրական հզորությունը պետք է հիմնված լինի  նյութական  բարիքներ ստեղծելու, ոչ թե թղթադրամներ արտադրելու վրա:

— Ճգնաժամից  դուրս գալու համար նպաստավոր կլինի, եթե Հայաստանը կարճ ժամանակամիջոցում էապես կրճատի դոլարային պահուստները, որդեգրի բազմաարժութային խնայողությունների զամբյուղ` տեղ հատկացնելով Եվրոյին, շվեյցարական ֆրանկին, ռուբլուն, յենին, յուանին և ոսկուն: Սա հնարավորություն կտա վնասներ չկրելու շատ մոտ ապագայում դոլարին սպառնացող կոլապսային իրավիճակներից և չվտանգելու փխրուն տնտեսական հավասարակշռությունը:

— Ի վերջո, այս ճգնաժամը նաև մարդկային հարաբերությունների, պետությունների գործելակերպի  և համոզմունքների ճգնաժամ է: Անպատասխանատու վերաբերմունքը երկիր մոլորակի նկատմամբ, տասնամյակներ շարունակ օգտակար հանածոների անխնա շահագործումը, շրջակայքը աղտոտելով երկրի էկոհամակարգին էական վնասներ հասցնելը և քաղաքակրթության այլ «բարիքներ» ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդը վերածվել է ապրանքներ սպառող էակի` մոռանալով հոգևոր պահանջմունքների մասին: Շարունակ նյութական բարիքների ետևից «վազելը» չի կարող գերնպատակ հռչակվել:

Ապագան կարող է իսկապես պայծառ և ապահով լինել, եթե պետությունները շեշտը դնեն անսպառ էներգատեսակների (քամի, ջուր, արև, ատոմ) վրա` չխախտելով մոլորակի հավասարակշռությունը, եթե ստեղծվեն արդարացի ֆինանսատնտեսական ենթակառուցվածքներ` յուրաքանչյուր երկրի հատկացնելով իրեն հասանելիք տեղը:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/06/42618/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.

Реклама